Կամեցար

  • Կամեցար, որ հաղորդվեմ Ճշմարտությանդ
  • Քո Լեզուով,
  • Քո միակ Բարբառով,
  • Որ կոչել ես՝ Հայոց և կնքել

  • Կնիքով
  • Ու ասել մտքիդ մեջ, - Երգում եմ Հայ – էր – էն, - և
  • Ծածկել, թաքնագրել, գաղտնագրել՝ Հայերեն,
  • Որ հետո հայտնվի՝ Հայ Տնվի

  • Հայ տան մեջ,
  • Որպեսզի ես Լցվեմ ՔՈ Խոսքով՝
  • Քո եղուկ Բառերով:
  • Ծնվեմ ու ապրեմ ամեն խոսքիդ հետ,

  • Եվ նվաղեմ,
  • Պատարագվեմ
  • Կոմիտասաձայն ծավալումով:
  • Ըմպեմ արյունդ և զգամ

  • Հրաշքը,
  • Ճաշակեմ մարմինդ և շարունակվեմ,
  • Եվ բարբառեմ, -
  • Տէր, կեցցո զմեզ:

  • Կամեցար
  • Բոլոր Վահագնածնունդ առասպելները՝
  • Կաթից՝ Կաթնաղբյուր,
  • Ծովից՝ Ծովինար,

  • Սանասար, Սասուն,
  • Որդի հայկասուն և հարս սիրասուն,
  • Ջրից՝ հրեղեն Քուռկիկ Ջալալին,
  • Հրից՝ փրկության թուրը Կեծակի,

  • Կայծակնածնունդ Լույսը Արդարի
  • Եվ Ոգին՝ խաչը՝
  • Խաչ - Պատերազմին հենց մեր Աջ թևին, -
  • Պայծառասցո և դասեցո Քո աջակողմյան դասուն:

  • Որ Աչքը Հայոց տեսնի Մհերին՝
  • Փոքր Մհերին,
  • Փոքր և արդար, ուժեղ և մաքուր,
  • Հանճարեղ, սակայն, հեզ ու հասարակ,

  • Այնքան զուլալված, անպարտ, գթասիրտ,
  • Որ կամոքը Քո չգամվեց խաչին՝
  • Ճեղքվեց ժայռը՝
  • Ագռավաքարը,

  • Որ նա դուրս ժայթքի,
  • «Հայոց լեռներից,
  • Հզոր Լեռներից»
  • Եվ լռեց խորունկ, պարզ,

  • Ճշմարտության դեմքը տեսնելով,
  • Այնպիսի սիրով, որ սպասում է
  • Հարսին կամ Փեսին:
  • Որ Ագռավները՝ Բճերը ազգի այսօր կռկռան,

  • Կըռան առ կռան, վասն սիրողաց՝ լեշի ու ֆարշի,
  • Տըռան առ տռան, վասն Գարշողաց,
  • Ցռան առ ցռան՝ մարմին մաքրողաց․․․
  • Ու մինչ հասկանան, որ հենց իրենք են կըռում խավարում

  • Եվ ինչու են կըռում,
  • Կգա կհասնի Կատարածն արդար,
  • Եվ կշշնջան շուրթերն արդարի, -
  • Մհերը եկավ

  • Եվ եղավ կամքը Քո:
  • Կամեցար,
  • Որ
  • Հոդնած Արգանդը Հայոց

  • Նարեկվի՝
  • Նա եկվի, Նա Լինի Խոսքով անհասանելի՝
  • Ի խորոց սրտի,
  • Որ զարմանքն անգամ ապշի մեկնդմիշտ՝

  • Լսելով Խոսքն այն,
  • Իսկ թէ ըմբռնի,
  • Ծնվի վերստին և երգի զվարթ, -
  • Զարթէ, Տէ՛ր, օգնյա,

  • Զարթեցո զթմրյալս,
  • Զվարթնոց նմանիմ:
  • Կամեցար,
  • Որ Խաչեն և Մարմինը Հայոց

  • Եվ խմեն
  • Արյունը երակից Արայի,
  • Որ Հայը հասկանա իմաստը
  • Խաչվելու,

  • Խաչվում է Մարմինը և ոչ Սուրբ Հայ Հոգին:
  • Եվ լինի Քո կամքը, -
  • Միայն քավություն և
  • Ի թողություն մեղաց խաչողաց՝

  • Չհեղվի արյունը չծնված Հայի,
  • Որ լինի՝ այս լինի, -
  • Երկնչում եմ ասել բարձրաձայն,
  • Բայց կասեմ դեպի Քեզ, արդարև,

  • Որ բոլոր այլերը արնախում,
  • Հայոց Սուրբ Արյունով Վարակված,
  • Հասկանան,
  • Որ իրենց, այլևս, փրկվելու Նեղ Ճամփեն

  • Փակված է,
  • Եվ չկա
  • Ոչ մի Խոսք
  • Քավության՝

  • Այն Մեղքին, որ իրենք գործեցին:
  • Եվ ելքը միակն է, որ դառնան ընդունեն
  • Եվ զղջան,
  • Գան մեզի՝ մեզ զգան, արդարանան:

  • Մեր Արյունը Ըմպած
  • Ծառանա նրանց մեջ,
  • Որ բոռան բարձրաձայն՝
  • Չոռնան , առաջվա բնույթը բնացած վերապրելով,

  • Եվ ասեն, -
  • Մեր թափած և ըմպած Արյան Ձայնը
  • Հասնում է դեպի Քեզ՝
  • Ի Հերկինս,

  • Ընկալ զաղաչանս մեր և կեցցո Զմեզ,
  • Քավյա մեղքը մեր:
  • Կամեցար,
  • Որ Շուրջպարն Հայոց Համույթի,

  • Գնա ու գնա,
  • Որ ձգվի ձեռք ի ձեռք ՝ գուպարվի, շրջփակվի,
  • Գրկի,
  • Իր հարսուկին նմանվող

  • Երկիրը Հայաստան:
  • Կամեցար,
  • Որ շղթան ձեռքերի լինի Անխորտակ,
  • Որ ամեն օղակի արանքում

  • Ինքնախոսի կեցվածքը և դեմքը
  • Եվ Աչքերը Հայոց՝
  • Վահագնից – Սևակ,
  • Բամբ բամբիռներից՝ Շարլ Ազնաուրյան:

  • ՈՒ, ես էլ լինեմ այդ Շղթայի մեջ
  • Եվ երգեմ զվարթ, -
  • Մեր թափած և հեղված
  • Արյան

  • Ձայնը
  • Հասնու՞մ է՝ Հասկանում նրանց մեջ,
  • Որ տեղին Բարբառի:
  • Սպասում եմ, համԲերում գալուստին Լուրի, -

  • Ընկալ Զաղաչանս մեր և կեցցո ըզմեզ:
  • Կամեցար,
  • Որ սթափվեն Հայերը մեկնդմիշտ
  • Եվ գիտնան,

  • Որ ամեն մի զոհված հայ Մարտիկ թաղելիս,
  • Իրենք են խառնվում Մայր Հողին,
  • Եվ ամեն մի ծնված
  • Հայորդու,

  • Իրենք են գուրգուրում ու գրկում,
  • Եվ գրկում են այնպես,
  • Ինչպես Հայաստանն է շուրջփակել
  • Ամբողջությամբ նրանց Ողջ ի Շուրջ,

  • Սուրբ Լեզուով Տիրատուր՝ Երկնակալ:
  • Կամեցար,
  • Որ Հայոց բերանը կրկնի
  • Խոսքերը Քո

  • Եվ լսի հնչումը Քո Ձայնի , -
  • Աղվեսները ունեն իրենց Որջն հարմարուկ,
  • Եվ թռչուններն Երկնի իրենցը յուրովի,
  • Իսկ Մարդու Որդին տեղ չունի,

  • Որ գլուխն հանգչեցնի:
  • Որ Հայոց Ոտքերը, - կամենամ, -
  • Էլ երբեք չչափեն Աշխարհն այս ամենայն,
  • Մինչև Նօր մի ծնունդ,

  • Մինչև Նօր մի ասույթ, -
  • Եվ չկա ուրիշ տեղ, որիշ վայր՝ Ավարայր,
  • Ուր Հայը հանգչեցնի գլուխն իր
  • Հայկաշեն:

  • Կամեցար, որ հնչի ու շնչի
  • Հայաստան Աշխարհում,
  • Նվագը Վաչէի, Մուգուջի, Կոստանի և
  • Այսօր՝ Գևորգի՝

  • Լա Բոհեմ-ը Շարլի,
  • Գույները Մինասի, մեներգը Սևակի
  • Եվ սերը Հայ Ոգու
  • Եվ հավատն այն զորեղ, հուսատու,

  • Որ լսվել է անգամ անապատում
  • Եվ կանչել
  • Աղոթքի:
  • - Ձայն Բարբառոյ յանապատի՝

  • Կեցցո զմեզ և ողորմյա:
  • Կամեցար
  • Վերջապես,
  • Որ ես գամ, որ երգեմ բառերով

  • Եղուկ՝
  • Քո երգերն անանուն,
  • Եվ երգերն Անվանի՝ Անվանի Քո Տղոց
  • Եվ երգը պատվիրված՝

  • Հավերժի:
  • Թող ցնծամ, որ հասա, որ գտա վերջապես,
  • Հավերժիդ՝ Հայաստան:
  • Կամեցար

  • Եվ այսքան կամեցար կամենալ, -
  • Ընկալ Զաղաչանս մեր
  • Եվ Ձայնն իմ Բարբառոյ:
  • Կամեցար,

  • Որ լացեմ Հավերժի արցունքով,
  • Եվ այնպես , Ինչպես Քո Միածինը լացեց,
  • Երբ կանչեց Ղազարին՝ Հավատից ու Սիրուց,
  • Որ լցվեմ՝ կամենամ

  • Մհերին Հայաստան:
  • Որ խմեմ ինքս ինձ, որ արբեմ,
  • Որ Հարբեմ,
  • Ծխելով, ծխալով՝

  • Խելքը, Ժամանակը և Սերը,
  • Մոտենամ, Քեզի գամ, Քեզ ըզգամ
  • Արարվեմ,
  • Ի Խաղաղություն

  • Եվ
  • Ի թողություն
  • Մեղաց՝
  • Անմեղ Իմ Հայաստան: